23/07/2015 12:46
Հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու դեպքում զինծառայողներին տրվող գումարի չափը կկազմի 2 միլիոն դրամ
Այսօրվա կառավարության նիստին ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը ներկայացրեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը:
Ինչպես ասաց Ս. Օհանյանը, առաջարկի համաձայն՝ առաջարկվող միանվագ ապահովագրական գումարների կիրառման պարագայում, միջինացված հաշվարկային տարեկան անհրաժեշտ գումարը կարող է կազմել` 1-ին խմբի զինհաշմանդամների համար` 3.000.000 դրամ, 2-րդ խմբի զինհաշմանդամների համար` 9,600.000 դրամ և 3-րդ խմբի զինհաշմանդամների համար` 35,400.000 դրամ:
Ըստ առաջարկվող նախագծի` ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու դեպքում զինծառայողներին տրվող գումարի չափը կկազմի 2 միլիոն դրամ, իսկ ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ:
Ելնելով վերը նշված հաշվարկներից՝ առաջարկվող փոփոխությունների դեպքում տարեկան կպահանջվի 94.000.000 ՀՀ դրամ` ներկայիս չափերով վճարելու դեպքում պահանջվող 64.610.000 դրամի փոխարեն: