24/07/2015 13:41
Վ. Այվազյան. «Նաիրիտի» վերաբերյալ Համաշխարհային բանկի եզրակացությունը կքննարկվի ԱԺ-ում
«Նաիրիտի» հարցով Ազգային ժողովում իսկապես քննարկում է նախատեսված, բայց ոչ խորհրդարանական լսումների ֆորմատով: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի փորձագետների եզրակացությունը «Նաիրիտի» վերաբերյալ պատրաստ է, ինչի համար ժամանակին իրենց դիմել էր հայկական կողմը.
«Այդ եզրակացությունն է, որ քննարկվելու է ԱԺ-ում հանդիպման ժամանակ»:
Հիշեցնենք, որ դեռ տարեսկզբին կառավարությանն աջակցելու համար Համաշխարհային բանկը համաձայնել էր գտնել և ներգրավել մեծ հեղինակություն վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը՝ տեխնիկական ու ֆինանսական վերլուծությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը ՀՀ կառավարությանը տրամադրելու նպատակով:
Նշենք, որ քննարկումը տեղի կունենա հուլիսի 28-ին: