24/07/2015 10:25
Բելգիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Բելգիայի խորհրդարանը երեկ ձայների մեծամասնությամբ հաստատել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այս մասին տեղեկանում ենք Asbarez-ից։
Բանաձևն ընդգծում է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, կոչ է արում Հայաստանին և Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-ամյակը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սահմանը բացելու և տնտեսական ինտեգրման համար ուղիներ փնտրելու ուղղությամբ:
Բանաձևը ներկայացրել է խորհրդարանի անդամ Փիթեր Դե Ռուվերը։ Այն ընդունվել է հուլիսի 7-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998-ին։
Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: