24/07/2015 15:28
«Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ պետական բարձր մակարդակով հաշվեհարդար է տեղի ունենում»
6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի վաղաժամ ազատման հայցը մերժվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովն առանց որևիցե պատճառաբանության: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը:
Փաստաբանի խոսքով՝ իր համար դա նորություն չէր, քանի որ, ցավոք սրտի, այդ անկախ հանձնաժողովն այնքան էլ անկախ չէ:
«Հանձնաժողովի անդամները կուրորեն անում են այն, ինչ նրանց թելադրում են: Վոլոդյա Ավետիսյանին հանձնաժողովի անդամներից ընդամենը մեկ հոգի է այցելել, և այդ հանդիպումը տևել է 5 րոպեից ոչ ավելի: Հարցեր են տրվել Վոլոդյա Ավետիսյանի անցած կյանքի, ընտանիքի անդամների վերաբերյալ և որոշման մեջ որևէ հիմնավորում չկա, ընդամենը գրել են, որ մերժվում է հայցը»,- ասաց նա:
«Իրավունք և աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ պետական բարձր մակարդակով հաշվեհարդար է տեղի ունենում:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը: