28/07/2015 09:18
«21 TV»-ից հերքում են ֆինանսական խնդիրներ ունենալու մասին լուրը
«Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե «21 TV» հեռուստաընկերությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և վերջին մի քանի օրերին անգամ ընդհատումներով է եթեր հեռարձակվել: Նշվում է նաև, որ հեռուստաընկերությունը սկսել է ուշ-ուշ վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը:
Թերթը նշում է, որ հեռուստաընկերության սեփականատերերից է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դուստրը՝ Նաիրա Աղաբաբյանը:
«Ժողովուրդը» փորձել է տեղեկությունը ճշտել հեռուստաընկերության տնօրինությունից: «MKR մեդիա Արմենիա» հոլդինգի ղեկավար Տիգրան Հակոբյանը թերթին հայտնել է, թե նման բան չի կարող լինել:
«Հուլիսի 1-ից մենք պետք է անցում կատարեինք թվային համակարգի, բայց ՀՀ կառավարությունը դա կես տարով տեղափոխեց, և դա իմանալով՝ մեր հաղորդիչը մենք չփոխեցինք: Այն հին ու մաշված էր, այ քանի օրը ընդհատումներ ունենք, վաղը կվերանորոգվի, ու ամեն ինչ նորմալ կլինի: Տեխնիկական խնդիրներ են եղել: Մենք բավականին գումարներ ծախսեցինք՝ թվային համակարգին անցնելու համար, բայց ցավոք այդ անցումը չեղավ: Բայց այդ ընդհատումներն այլևս չեն լինելու»,-վստահեցրել է Հակոբյանը: