28/07/2015 16:45
«SOS»-ի հաղորդավարը չի պատրաստվում ներողություն խնդրել
Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հետաձգվել է համացանցային «SOS» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցի գործով քննությունը: Այս մասին քիչ առաջ դատարանում ասաց Վ. Գայֆեջյանը:
Նա, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ թե մասնավորապես, ինչի՞ց է վիրավորվել ոստիկանությունը, պատասխանեց, որ չգիտի.
«Տեղյակ չեմ, ծանոթանում ենք նրանց ներկայացրած ապացույցներին, դրա համար հետաձգվեց, մենք դեռ պետք է ծանոթանանք»:
Վ. Գայֆեջյանի խոսքով՝ առաջին դատական նիստից որևէ տպավորություն չի ստացել:
Հարցին՝ չե՞ք պատրաստվում հրապարակայնորեն ներողություն խնդրել և գումարային փոխհատուցում վճարել, նա պատասխանեց.
«Իհարկե, ոչ, որովհետև ես ոչ մեկին չեմ վիրավորել, ոչ մի անձնական վիրավորանք չեմ հասցրել, նորից եմ ասում, մենք կծանոթանանք իրենց ներկայացրած ապացույցներին, որից հետո կարծիք կհայտնենք»:
Հարցին ՝իրեն հասկանալի՞ է, թե ով է հայց ներկայացրել իր դեմ, նա պատասխանեց. «Ինձ հասկանալի է, թե ո՞վ է իմ դեմ հայց ներկայացրեց, բայց փաստաբանները պետք է քննարակեն»:
Նա ասաց, որ այս դատական գործը չի ազդի իր հետագա գործունեության վրա:
Հաղորդավարը նաև, անդրադառնալով իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին բացարկ հայտնելուն, ասաց, որ իրենք չեն համակերպվելու այդ որոշման հետ և պատրաստվում են այնպես անել, որ Ա. Զեյնալյանը նորից կարողանա պաշտպանել:
Դատական նիստերը տեսանկարահանելու արգելքի վերաբերյալ նա ասաց, որ կփորձեն այնպես անել, որ տեսանկարվի և ձայնագրվի:
Նշենք, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկել է համացանցային «SOS» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցի քննությունը:
Հիշեցնենք, որ խոսքը հաղորդավարի այն անդրադարձի մասին է, որը վերաբերվում է մայիսի 13-ին ՀՀ նախագահական նստավայրի դարպասների մոտ բանակում մահացած զինվորների մայրերին փողոցով քարշ տալու միջադեպին: