28/07/2015 12:33
Զախարյան. Կառավարությունը ամեն ինչ արել ու անում է, որ «Նաիրիտը» վերագործարկվի
«Նաիրիտը» կա՛մ պետք է վերագործարկվի` վստահելի ներդրողների միջոցով, կա՛մ լուծարվի, ինչը կապված կլինի լուրջ բնապահպանական խնդիրների ու ծախսերի հետ: Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ ընկերության սնանկացումը, քանի որ դա բերելու է լուրջ ֆինանսական ծախսերի ու անվտանգության հետ կապվածխնդիրների:
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ հաղորդման ներկայացման ժամանակ:
«Այնպես որ, այն կարծիքը, թե կառավարությունը ցանկություն ունի և տանում է գործարանը լուծարման, պատասխանատու հայտարարում եմ, որ դա այդպես չէ: Կառավարությունը ամեն ինչ արել ու անում է, որ գործարանը վերագործարկվի»,- շեշտեց նախարարը:
Նա հիշեցրեց, որ 2006-2008 թ-ին աշխատելու ընթացքում «Նաիրիտը» կուտակել է ահռելի պարտքեր, 2008 թ-ին պարտքը կազմել էր 17.5 մլրդ դրամ.
«Գործարանը չի գործել 2010 թ-ից և նրա մասնավոր սեփականատերը լքել է այն: Գործարանի պարտավորությունները գերազանցում են 121 մլրդ դրամը` 250 մլն դոլարը»:
Ե. Զախարյանը տեղեկացրեց, որ մինչ ուսումնասիրությունները կավարտվեն, կառավարությունն անցած ուրբաթ օրվանից սկսել է վճարել աշխատավարձի պարտքը: Բայց, կրկնեց նա, ստեղծված իրավիճակում կառավարության միակ ցանկությունն այն է, որ «Նաիրիտը» չլուծարվի:
Նշենք, որ ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից: