28/07/2015 15:22
Ա. Եպիֆանցև. Հենց Բաքուն է անընդհատ հրահրում հրաձգություններն ու բախումները
Լարվածությունը առկա է այն պատճառով, որ ավարտվեց այն շրջանը, երբ Ադրբեջանին ձեռնտու չէր լարել իրավիճակը հակամարտության գոտում՝ Եվրոպական խաղերն ավարտվեցին: Եվ հիմա տարածաշրջանը վերադառնում է այն վիճակին, ինչ եղել է մինչ այդ: Եվ սա կարելի է բնութագրել իբրև Հայաստանի և Ադրբեջանի հակառակ ձգտումների իրավիճակ: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է ռուս հայտնի քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը:
«Հայաստանը տարածք ունի և այդ իսկ պատճառով իր համար շատ կարևոր է ոչ միայն այն պահպանել, այլև ցույց տալ, որ այդտեղ տիրում է խաղաղություն, ինչը կօգնի դրա ճանաչման գործում: Հետևաբար, Հայաստանը փորձում է խուսափել ռազմական գործողություններից, անգամ նվազագույն դրսևորումներով և առաջնորդվում իր համար շահավետ հումանիստական՝ «Կարևորը, որ պատերազմ չլինի» սկզբունքով:
Ադրբեջանը գտնվում է լրիվ այլ վիճակում: Նրան ձեռնտու է ցույց տալ հակառակ պատկերը, այն է՝ տարածաշրջանը, որը պահում են հայկական զինված ուժերը, անընդհատ փոթորկում է, այնտեղ ռազմական բախումներ են տեղի ունենում, իսկ սա նշանակում է, որ խնդիրը հարկավոր է լուծել: Այս նպատակով Ադրբեջանին հարկավոր է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ղարաբաղի վրա, ինչը վերջին երկու տարիներին՝ Ուկրաինայի, Հունաստանի, Իրաքի, «Իսլամական պետության» և այլնի պատճառով դժվար է դարձել: Հետևաբար, հենց Բաքուն է անընդհատ հրահրում հրաձգություններն ու բախումները, որում կողմերը մեղադրում են միմյանց:
Եթե Բաքվի այս կուրսը նրանում է, որպեսզի սեփական դիրքորոշումը պահի ու հրաժարվի Երևանի հետ կոմպրոմիսից, ապա այս քաղաքականությունը իրավիճակի կառավարման միակ գործիքներից մեկն է, որ մնացել է Ադրբեջանին: Միաժամանակ, այս կուրսը կարող է շատ վտանգավոր լինել: Հիշենք, հենց դրան դիմեց Միխեյիլ Սաակաշվիլին, երբ նույն ձև թեժացնում էր իրավիճակը Աբխազիայում և Հարավային Օսիայում 2004-2008թթ-րին»,- մասնավորապես գրառել է Եպիֆանցևը: