31/07/2015 15:21
Հայաստանում 113 տղայի դիմաց ծնվել է 100 աղջիկ
Հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ծնվել է 7 270 աղջիկ և 8 148 տղա, այսինքն` 113 տղայի դիմաց ծնվել է 100 աղջիկ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա հիշեցրեց, որ կենսաբանական միջինով 100 աղջկան բաժին է ընկնում 102-106 տղա, սակայն Հայաստանը ռիսկային խմբի երկրների շարքում է, որտեղ այդ ցուցանիշը խախտվել է:
Տիկին Կույումջյանը նաև տեղեկացրեց, թե ինչ անուններ են նախընտրել հայ ծնողները: Այդպես՝ աղջիկների ամենատարածված անունները շարունակում են մնալ Նարե, Մարի, Մարիա, Մանե, Միլենա, Անահիտ, Մարիամ, Անի, Էլեն անունները: Տղաների դեպքում նախընտրելի են շարունակում մնալ Դավիթ, Հայկ, Նարեկ, Տիգրան, Էրիկ, Ալեքս, Գոռ, Արման, Ալեն, Արթուր անունները: