04/08/2015 14:47
Փաստաբան. Անձամբ ինձ համար այս Սահմանադրությունն օրենսդրություն է հիշեցնում
Հայաստանում ստեղծվել է փաստաբանների խումբ, որի նպատակն է հասարակությանն իրազեկել Սահմանադրական բարեփոխումների թերությունների մասին, պարզել, արդյոք այդ փոփոխությունները հասարակությանը պետք են, թե ոչ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը։
«Խմբի նպատակն է հասարակությանն իրազեկել և ցույց տալ Սահմանադրական փոփոխությունների թերությունները, և մենք ոչ թե պատրաստվում ենք առաջարկություններով հանդես գալ, այլ խնդիր ենք դրել՝ արդյոք հասարակությանն անհրաժեշտ են Սահմանադրական բարեփոխումներ, թե ոչ»,- ասաց Գ. Գյոզալյանը։
Նրա խոսքով՝ 2005թ. փոխվեց Սահմանադրություն, հետո Սահմանադրական դատարանի կողմից եղան բազմաթիվ որոշումներ այս կամ այն օրենքի վերաբերյալ և անընդհատ փոփոխություններ են լինում։ «Անձամբ ինձ համար այս Սահմանադրությունն օրենսդրություն է հիշեցնում»,-ասաց նա։
Անդրադառնալով Սահմանադրության մեջ առկա թերություններին՝ փաստաբանը ասաց, որ Սահմանադրության նոր նախագծում լուրջ թերություններ կան, օրինակ՝ 2-րդ գլխում անձի կրկնակի դատապարտման վերաբերյալ։«Բերեմ օրինակ. անձի նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում, իսկ քննիչն էլ վատ է աշխատում, պաշտպանական կողմն էլ այնպես է աշխատում, որ տվյալ անձին արդարացնում են, բայց եթե այլ պաշտոնատար անձ կարողանում է ապացույցներ ձեռք բերել և արդեն իսկ արդարացված մարդուն նորից կանգնեցնել դատարանի առջև։
Սահմանադրության նոր փոփոխությամբ՝ այս հարցը կարող է լուծվել միայն քննիչի որոշմամբ։ Սա, իհարկե, լավ է, սակայն օբյեկտիվ երկրի համար, իսկ մենք խոսում ենք Հայաստանի մասին, որտեղ ամեն ինչ սուբյեկտիվ է»,- ասաց Գ. Գյոզալյանը։
Մնացած թերությունների վերաբերյալ փաստաբանը ասաց, որ առաջիկայում զեկույցի ձևով հրապարակվելու է փաստաբանների խմբի հետազոտությունները: