17/08/2015 12:12
Փաստաբան. Հայկական կողմը Պերմյակովի համար պետք է կրկնակի բժշկական փորձաքննություն պահանջի
Վալերի Պերմյակովի դասալքության գործով դատավարության ընթացքում հայկական կողմի համար երկու հետաքրքիր խնդիր կար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավետիսյանների սպանության գործով փաստաբան Լուսինե Սահակյանը՝ բացատրելով.
«Նախ մենք պետք է տեսնեինք Պերմյակովին, հասկանայինք նրա կերպարը, հոգեբանական վիճակը ու երկրորդ՝ ստանայինք տեղեկություններ նախաքննական տվյալներից, քանի որ ոչ բոլոր նյութերն են տրամադրվել հայկական կողմին»,- ասաց փաստաբանը՝ միաժամանակ նշելով, որ երկու կետերն էլ իրագործել չհաջողվեց:
Լուսինե Սահակյանի խոսքով՝ դատարաանում Պերմյակովի պահվածքը շատ տարօրինակ էր: Նման հանցանքից հետո նա շատ հանգիստ էր՝ քնում-արթնանում էր ամբողջ ընթացքում, դահլիճին նստած էր մեջքով.
«Բացի այդ նա հրաժարվեց ցուցմունք տալ: Այս դեպքում շատ տարօրինակ է դատաբժշկական այն եզրակացությունը, որ Պերմյակովը լիովին առողջ է ու չունի հոգեբանական խնդիրներ»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ հայկական կողմը պետք է պահանջի կրկնակի փորձաքննություն, ընդ որում՝ այն պետք է անցկացնեն հայերը:
«Չէի սպասում, որ ռուսական կողմը, պնդելով, որ Պերմյակովն առողջ է, կփորձի արդարացնել իր բժիշկներին, զինվորական հանձնաժողովի անդամներին, ովքեր զորակոչել են նրան»,- ասաց փաստաբանը: