21/08/2015 15:13
Իրանը կարող է փոխել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական դիմապատկերը. Քաղաքագետ
«Իրանը կարող է փոխել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական դիմապատկերը: Արժե ամեն ինչ թողնել ու զբաղվել հայ-իրանական հարաբերությունների մի շարք հարցերով: Հնարավորությունները այստեղ շատ են, բայց կան դժվարություններ, կան այնպիսի մոնստրներ ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արման Նավասարդյանը:
«Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների լավացումը ամենալավ առիթն է, որպեսզի Հայաստանը իր դերակատարությունը հաստատի աշխարհում»,- ասաց նա:
Քաղաքագետի համոզմամբ՝ Չինաստանն ամենայն լրջությամբ է մոտենում հայ-իրանական գազատարի կառուցման հարցին և պատրաստ է միջոցներ տրամադրել, իսկ դա արդեն իսկ մեծ հնարավորություն է:
«Արդեն գիտենք, որ ղեկավարությունից սեպտեմբերի վերջերին մեկնելու են Չինաստան, Հայաստանում Չինաստանի դեսպանը ինձ հետ անձնական զրույցի ժամանակ ասաց, որ շահագրգռված է Մետաքսի ճանապարհին երկաթգծի շահագործմանը, պատրաստ է Հայաստանի հետ մտնի հարաբերությունների մեջ և Չինաստանի համար դա մի մեծ բան չէ, եթե մենք ասում ենք, որ մոտ 3 մլրդ դոլար է հարկավոր»,-հստակեցրեց նա:
Քաղաքական իմաստով Հայաստանի ու Իրանի հարաբերություններն, ըստ Ա. Նավասարդյանի, ավելի գերակայություն ունեն Ադրբեջանի հետ համեմատած, իսկ Թուրքիայի վիճակը հիմա ավելի ծանր է: «Իրանն ու Ռուսաստանը շահագրգռված չեն թուրքմենական ու ղազախական գազը Թուրքիայի վրայով գազատարների միջոցով տանել, բայց դժվար է իմանալ՝ ինչպես կլինի։ Իրանցիները մեր քեռիները չեն, որ մեր մասին մտածեն, պետք է մենք մտածենք ու քայլեր իրականացնենք։ Պետք է կարողանանք այնպես անել, որ Ռուսաստանը չխանգարի: Այսինքն՝ պետք է նախևառաջ Ռուսաստանի հետ աշխատենք»,-ասաց նա:
Շարունակելով խոսքը՝ քաղաքագետը նշեց, որ ՀՀ ղեկավարությունը ՀՀ արտաքին քաղաքականության համար ճիշտ ռակուրս է ընտրել, անկախ նրանից՝ ինչ է սպասվում կամ ինչպես է ստացվում:
«Հայաստանի իշխանությունների կողմից ընտրված բաց կոմպլեմենտար քաղաքական կուրսը միակ ճիշտ տարբերակն է: Եթե պատմությունը թերթենք, ապա կտեսնենք, որ բոլոր փոքր պետությունները այսկերպ են կարողացել իրենց քաղաքականությունը վարել»-եզրափակեց նա։