21/08/2015 16:42
Ադրբեջանում դատախազը Խադիջա Իսմայիլովայի համար 9 տարի ազատազրկում է պահանջել
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում լրագրող Խադիջա Իսմայիլովայի դեմ այսօր տեղի ունեցած դատալսման ժամանակ դատախազը պահանջել է դատապարտել նրան 9 տարի ժամկետով ազատազրկման:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ սկզբում «ինքնասպանության հասցնելու» մեղադրանք, իսկ հետո «խոշոր չափերի յուրացում և զեղծարարության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերի վճարումից խուսափելու», «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» կեղծ մեղադրանքներ են առաջադրվել:
Նա ձերբակալվել է անցյալ տարի: Խադիջա Իսմայիլովան հետաքննում էր Ադրբեջանում իշխանության վերին օղակներում կոռուպցիոն երևույթները:
Այս ընթացքում ադրբեջանցի լրագրողուհին արժանացել է մի քանի միջազգային պարգևների: