21/08/2015 14:18
Եթե ընդդիմությունն ազնիվ է, պետք է քննարկումներին մասնակցի. Խոսրով Հարությունյան
Խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու նախաձեռնությունը պատկանում է ընդդիմությանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը:
Ըստ պատգամավորի՝ ընդդիմության համար ներկայիս իշխանությունից ազատվելու միակ միջոցն հենց այս համակարգն է։ «Իշխող Հանրապետական կուսակցության նպատակներն ազնիվ են: Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հիմնական դրդապատճառը, որի նախաձեռնողները եղել են խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը, պետական կառավարման համակարգի փոփոխությունն է, քանի որ շատերը խոսում են, որ ՀՀԿ-ից ազատվելու այլ ճանապարհ չկա, քան անցնել խորհրդարանական համակարգի: Այս մասին խոսում էին բոլորը` 2011-2012 թվականներին: 2012թ-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին ընդդիմությունը փաստում էր, որ կա քաղաքական մոնոպոլիա, ինչը ես բացառում եմ, և այդ մոնոպոլիան պատկանում է ՀՀԿ-ին ու դրանից ազատվելու միակ միջոցը սահմանադրական նոր բարեփոխումներն են՝ կառավարման համակարգի ու ընտրական համակարգի փոփոխմամբ»,– ասաց նա։
Նրա խոսով՝ եթե ընդդիմությունն ազնիվ է, մտահոգ, ապա կա՛մ պետք է իր առաջարկությունները հայեցակարգի մշակման ժամանակ ներկայացներ, կա՛մ այս փուլում մասնակցի քննարկումներին։
«Հիմա սահմանադրական հանձնաժողովը բերել է մի առաջարկ, որին նրանք դեմ գնալ չեն կարող: Այսինքն՝ եթե ընդդիմությունն այս պահին ոչնչ չի անում, ապա մնացածը պարապ զրույց է: Այս առաջարկությունների իմաստը ոչ թե այս կամ այն նորմը բացառելն է, այլ՝ իրավական առումով հստակություն մտցնելը»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ այս հարցի շուրջ հասարակական ընդվզում չի լինի, սակայն ընդդիմադիրների վերամիավորումը կանխատեսելի է, քանի որ ընդդիմությունն ըմբոստանում է իշխանության ցանկացած առաջարկի դեմ:
«Ընդվզումը քիչ հավանական եմ համարում, իսկ ընդդիմության միավորումը՝ հավանական։ Ընդդիմությունը միավորվում է ցանկացած հարցի շուրջ, եթե դա ուղղված է ընդդեմ իշխանությունների, կապ չունի դա վերաբերում է Սահմանադրությանը, էլեկտրաէներգիայի թանկացմանը, թե մեկ այլ հարցի»,-ասաց նա։
Խոսրով Հարությունյանը, եզրափակելով խոսքն, ասաց, որ թեև Սահմանադրության նախագծի մեջ կառավարման համակարգի հարցը ամենակարևորն է, բայց կան նաև բազմաթիվ ոայլ կարևոր հարցեր, որոնք անուշադրության չպետք է մատնվել: