22/08/2015 09:26
«Կարմիր գծերը» սկսել են ավտոշուկայի ծառայություն մատուցել. «Առավոտ»
«Փարքինգ սիթի սերվիզը», որն ի սկզբանե կոչված էր ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու, աստիճանաբար փոխում է բիզնեսի ուղղությունը։ Այս ընկերության «կարմիր գծերը», որոնք քաշված են մայրաքաղաքի փողոցներով մեկ, վերածվել են բացօթյա «մինի» շուկայի։ Ով վաճառելու կամ վարձակալության տալու շարժական գույք ունի, բերում, կանգնեցնում է «կարմիր գծերում»՝ այդպես սահմանափակելով մյուս վարորդների՝ այս վճարովի ավտոկայանատեղիից օգտվելու իրավունքը։
«Առավոտը» լուսանկար է հրապարակել, որն արված է Մաշտոցի պողոտայում։ Մարգարյան հիվանդանոցի դիմաց ՝ երկայնքով, օրը 24 ժամ շարված են վարձակալությամբ տրվող մեքենաներ։ Պատահում է՝ դրանց թիվը հասնում է տասնյակների։ Էլ ինչու մարդիկ գնան հասնեն Նուբարաշենի ավտոշուկա, օրերով կանգնեն ու տեղի փող մուծեն, որպեսզի ավտոմեքենա վաճառեն, եթե կարելի է վաճառքի ենթակա իրենց ավտոմեքենաները հենց մայրաքաղաքի կենտրոնում ցուցադրել, բացի այդ «կարմիր գծերում» ավելի ապահով է, ու տարեկան վարձը մուծելու դեպքում էլ էժան։