22/08/2015 11:40
Օսկանյանը` կուսակցություն ստեղծելու մասին. Դա ինձ համար ուղղակի անիրագործելի ծրագիր է
Aysor.am-ի ունեցած տեղեկություններով` ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու պրոեկտը տապալվել է:
«Բարգավաճ Հայաստանից» դուրս գալուց հետո Վարդան Օսկանյանը հատկապես վերջին չորս ամիսներին ինտենսիվ հանդիպումներ է ունեցել քաղաքական սպեկտրի տարբեր ներկայացուցիչների, երիտասարդների, Օքսֆորդ և Հարվարդ ավարտած տարբեր երիտասարդների հետ` փորձելով նրանց ներգրավել իր կողմից ստեղծվելիք կուսակցության մեջ:
Սակայն վերջերս տեղի ունեցած հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամության խմբի ընթրիքի ժամանակ Վարդան Օսկանյանը անկեղծորեն խոստովանել է, որ չէր պատկերացնում, թե ինչ բարդությունների կարող է բախվել կուսակցություն ստեղծելիս և բառացիորեն ասել հետևյալը.
«Այս պահին դա ինձ համար ուղղակի անիրագործելի ծրագիր է»:
Նշենք, որ ընթրիքին մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: