22/08/2015 10:17
ՄԻՊ-ը պահանջում է տարեց տղամարդուն ապտակած ոստիկանին պատասխանատվության ենթարկել
«Խստորեն դատապարտում ենք երեկ Հանրապետության Հրապարակում ոստիկանի կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու փաստը: Թեև քաղաքացիներն այս պահի դրությամբ մեզ դիմում-բողոք չեն ներկայացրել, սակայն հաշվի առնելով հատկապես իրավապահներից մեկի անընդունելի կոպիտ վարքագիծը և դեպքի հանրային նշանակությունը` սեփական նախաձեռնությամբ վարույթ ենք սկսելու ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու համար»,- այս մասին ասված է ՄԻՊ-ի Facebook-յան էջում:
«Ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ քայլերը դեպքի հանգամանքներն արագ ու անաչառ ուսումնասիրելու և ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ցանկանում ենք վստահ լինել, որ թե Հանրապետության Հրապարակում գտնվող և թե այլ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողություններն այլևս կբխեն միմիայն օրենքից ու բացարձակ անհրաժեշտությունից, և կբացառվեն այլ անհամաչափ գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը Հանրապետության Հրապարակում կազմակերպել էր ակցիա, որի ժամանակ քաղաքացիներն անհնազանդություն էին դրսևորումավելի վաղ ակտիվիստներին բերման ենթարկելու կապակցությամբ և պահանջում էին նրանց ազատ արձակել: Այդ ժամանակ ոստիկանը ապտակել է տարեց տղամարդուն: