24/08/2015 13:41
Ա. Վարդանյան. Նախագիծը համապատասխանում է «Դաշնակցության» պատկերացումներին
ՀՅԴ բազմաթիվ էական ու առաջնային առաջարկություններ ընդունվել ու ներառվել են Սահմանադրության փոփոխության վերջնական տարբերակում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ հրապարակված նախագիծը 90-95 տոկոսով համապատասխանում է «Դաշնակցության» պատկերացումներին.
«Թեև դեռ ունենք մոտ երկու տասնյակ առաջարկություններ, որոնք կներկայացնենք առաջիկայում»,- նշեց պատգամավորը:
«Այս Սահմանադրությամբ երկիրը գնալու է այն ուղղությամբ, որը մենք պատկերացնում ենք: Այս փաստաթուղթը մեզ բավարարում է, և մենք ամենն անելու ենք, որպեսզի ժողովուրդը հանրաքվեով ընդունի նոր Սահմանադրությունը ու Հայաստանը գնա բոլորովին նոր ուղղությամբ»,- ասաց Ա.Վարդանյանը՝ ընդգծելով, որ այդ ուղղությունը մեր երկրում առկա խնդիրների հիմնական մասը լուծելու է կամ ստեղծելու է լուծման հիմքերը:
Պատգամավորը նաև հավելեց, որ այս փուլում հատկապես կարևորում են բովանդակային քննարկումները:
Նշենք, որ երկրի ղեկավարը օգոստոսի 21-ին Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ուղարկել է Ազգային Ժողով: