25/08/2015 14:06
Դատախազը առաջարկեց Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Հայկ Կյուրեղյանի գործով հերթական դատական նիստն այսօր էր: Մեղադրող Հարություն Սարգսյանը առաջարկեց Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման: Նա հայտարարեց, որ բոլոր մեղադրանքներն ապացուցված են։
Մեղադրյալ Հայկ Կյուրեղյանը ներկա չէր դատական նիստին, քանի որ դատավոր Արմեն Բեկթաշյանը դատարանի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի պատճառով դատական սանկցիա էր կիրառել։
Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի11-ին ժամը 12-ին։
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ-ի հունիսի 12-ին՝ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստի օրը, գտնվելով հասարակական վայր հանդիսացող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջևի հատվածում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Նա բարձրացել է դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված մի ավտոմեքենայի տանիքի վրա և իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներ Արմինե Գրիգորյանի, Սամսոն Ղարիբյանի, Միքայել Այվազյանի, և Արտաշես Նիկողոսյանի ուղղությամբ և դիտավորությամբ նրանց առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ: