25/08/2015 12:05
Վարդան Պետրոսյանի գործով երկու քաղհայց կներկայացվի
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը պատրաստվում է երկու քաղաքացիական հայց ներկայացնել Վարդան Պետրոսյանի դեմ: Ռ. Բալոյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեկը վերաբերում է Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերին, իսկ մյուսը՝ փաստաբաններին վճարված գումարին:
«Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանը պարտավոր էին այս հայցի մասով քննություն կատարվել, երկուսն էլ խուսափեցին, այս մասով ես Վճռաբեկ բողոք եմ բերել: Եթե Վճռաբեկ դատարանը մեր բողոքը վերադարձրեց, կստացվի, որ այս հայցին վերաբերվող մասը կմնա բաց: Դրա համար էլ մենք լրացուցիչ հայցով այդ բացը կփակենք»,-ասաց նա:
Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց՝ իր համար հասկանալի է, թե ինչու է մյուս կողմը նման հայց ներկայացնում դատարան, սակայն չի ուզում այդ մասին խոսել հետագա քննարկումներից զերծ մնալու համար:
«Իրականում, որևէ գաղտնի քննարկում չի եղել, Վարդան Պետրոսյանը հայտնել է, որ իրենց կողմից առաջարկված վայրում պատրաստ է հոգալ Տաթևիկ Հակոբյանի բոլոր բուժման ծախսերը, պայմանագիր պետք է կնքվեր Կարմիր խաչի և կողմերի միջև, սակայն Տաթևիկը չի գնացել և պայմանագիր չի կնքվել: Վարդան Պետրոսյանը միշտ էլ ասել է, որ կհոգա Տաթիկի բուժման ծախսերը»,-ասաց նա:
Ռ. Բալոյանի խոսքով՝ առանց գումարի «ապառիկ» բուժում հնարավոր չէ ստանալ, իսկ այժմ բուժում ստանալու գումար չկա:
«Երբ գումար լինի, Տաթիկը կգնա բուժում ստանալու, նա ստացել է այնքան բուժում, ինչքան վճարվել է: Վարդան Պետրոսյանը հրաժարվել է մեր ներկայացրած պայմանագիրը ստորագրելուց, խնդիրը պետք է վաղուց լուծված լիներ, ես չգիտեմ՝ ում ջանքերով է այդ խնդիրը մնացել բաց: Շարունակելու եմ պնդել, որ Վ. Պետրոսյանը պարտավոր է բոլոր ծախսերը հատուցելու»,-ասաց նա:
Վ. Պետրոսյանը դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել է 2 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ որ ըստ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242 Հոդվածի 3 Մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով: