26/08/2015 14:23
Վահան Բաբայան. Նախագահի մոտ փոխադարձ քննարկումներից անձամբ ես գոհ եմ
«Առաջարկությունները և դիտարկումները փոխադարձ քննարկվել են, և փոխադարձ քննարկումներից անձամբ ես գոհ եմ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ, համանուն խմբակցության անդամ Վահան Բաբայանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
Նշենք, որ այսօր նախագահի նստավայրում սկսվել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ երկրի ղեկավարի հանդիպումները, առաջինը կայացել է «Բարգավաճ Հայաստանի» հետ:
Վ. Բաբայանն ասաց, որ հանդիպմանը քննարկել են ԲՀԿ-ի դիտարկումները, առաջարկները: Հաջորդ շաբաթ ԲՀԿ-ն խմբակցությունում կազմակերպելու է հանդիպում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի հետ՝ ավելի լայն կազմով քննարկելու նախագիծը, որից հետո էլ ԲՀԿ-ն կհնչեցնի իր դիրքորոշումը.
«Դրանից հետո կլինի նաև քաղաքական խորհրդի նիստ, խմբակցության նիստ և կուսակցության վերջնական դիրքորոշումը կհայտնենք»,- հավելեց Վահան Բաբայանը: