29/08/2015 13:53
Օտտո Լյուխտերհանդթ. Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրելու վտանգն արդեն անցել է
Պատերազմը Ղարաբաղում Ադրբեջանին ամենևին ձեռնտու չէ: Միևնույն ժամանակ այն ձեռնտու չէ նաև Արևմուտքին կամ Ռուսաստանին: Այդուհանդերձ, Իլհամ Ալիևի վարած քաղաքական կուրսն ու քաղաքականությունը չափազանց վտանգավոր են: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդթը, ում արխիվներում Ղարաբաղյան հակամարտության թեմայով բազմաթիվ աշխատություններ ու հրապարակումներ կան՝ քսան տարուց ավելի պրոֆեսորի գործունեությունը ուղղակիորեն առնչվում է Լեռնային Ղարաբաղին:
«Իրավիճակը սահմանին իսկապես շատ անհանգստացնող է: Եվ ես անգամ չգիտեմ՝ ավելի լավ չէ՞ր լինի արդյոք, եթե շփման գոտում միջազգային խաղաղապահներ լինեին տեղակայված… Իսկապես բարդ հարց է ու ես ինքս միանշանակ դրան պատասխանել չեմ կարող: Բայց՝ այն կարծիքին եմ, որ Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրելու վտանգն արդեն անցել է»,- ասաց նա:
Պրոֆեսորի խոսքով՝ Ադրբեջանի տնտեսական ու ֆինանսական հիմքերը գնալով թուլանում են: Ընդ որում, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը ռեսուրսային պետության դասական օրինակ է, ինչն էլ իր ամենամեծ թուլությունն է.
«Նավթի գների էժանացումը, իսկ հեռանկարում նաև գազի գների նվազումն այդ պետության թուլացման կարևոր գործոններն են, ու թյուր է այն կարծիքը, թե դա րոպեական խնդիր է և ոչ թե կայուն, շարունակական գործընթաց: Պետք չէ ակնկալել, որ առաջիկայում այս ամենը կկարգավորվի՝ ոչ: Հենց սա է, որ Ադրբեջանի համար լուրջ խնդիր է»,- ասաց Օ.Լյուխտերհանդթն՝ ավելացնելով, որ հենց այս իրողությունները հնարավոություն չեն տալիս Ադրբեջանին գնալ այնպիսի ավանտյուրայի, ինչպիսին օրինակ պատերազմի վերսկսումն է:
Պատասխանելով հարցին՝ արդյոք ժամանա՞կը չէ, որ միջազգային հանրությունը դադարի հավասարության նշան դնել կողմերի միջև բոլոր այն դեպքերում, երբ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, դիվերսիոն գործողություններ ձեռնարկում ու սահմանին զոհեր են լինում, Օտտո Լյուխտերհանդթը հիշեցրեց՝ Ղարաբաղյան հակամարտության խնդրով ինքը զբաղվում է 90-ականների սկզբից և այսօր՝ քսան տարի անց, ցավով փաստում է՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը փակուղում է: Սրան զուգահեռ տեղի է ունենում ամենացավալին՝ սահմանին անընդհատ ունենում ենք զոհեր.
«Ես իսկապես ափսոսում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացը դոփում է տեղում: Եվ առավել շատ եմ ցավում այն հանգամանքի համար, որ Ռուսաստանը շարունակում է սպառազինել Ադրբեջանին: Այո, Հայաստանին ևս սպառազինում է, բայց ես վստահ եմ՝ դա արվում է , որպեսզի ցուցադրվի, որ Ռուսաստանը պահպանում է հավասարակշռությունը: Սա շատ վատ է: Ռուսաստանն իրականում պատասախանատվության մեծ չափաբաժին ունի այս հիմնահարցում ու թեև ես վստահ եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա են նաև գաղտնի պայմանավորվածություններ, առավել ևս, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ թե Հայաստանը և թե ՌԴ-ն ՀԱՊԿ անդամ են, այդուհանդերձ՝ իրավունքն ու ցանկությունը մի բան է, քաղաքականությունը՝ լրիվ այլ»,- շեշտեց նա:
Բացի այս, պրոֆեսորը հիշեցրեց, որ կարգավորման գործընթացում Թուրքիան էլ կարևոր դերակատարում ունի: Ըստ նրա՝ միանշանակ է, որ այսօրվա զարգացումների ֆոնին պատերազմը Ղարաբաղում նաև Թուրքիային խիստ ձեռնտու չէ: Մեղմ ասած՝ Թուրքիայի և Եվրոպայի միջև այսօր գոյություն ունի լուրջ հակասություն-սառնություն և Ղարաբաղյան պատերազմի դեպքում Թուրքիայի գործերն էլ ավելի վատ կընթանան.
«Այս ամենն անդրադառնում է Ադրբեջանի վրա: Դեռ երեք-չորս տարի առաջ իրավիճակը լրիվ այլ էր, իսկ այսօր մենք տեսնում են, որ տարածաշրջանում իրավիճակը ակնհայտորեն Հայաստանի օգտին է զարգանում: Ի տարբերություն Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի, Հայաստանը համեմատաբար ավելի կայուն երկիր է: Այո, որոշակի անկայունություն Հայաստանում էլ տեղ ունի, ինչը մենք տեսանք, օրինակ հունիսին, երբ տեղի էին ունենում բողոքի ակցիաներ ընդդեմ էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման, բայց Հայաստանում կոնսենսուսի ու համաձայնության մակարդակը ավելի բարձր է, քան Վրաստանում: Իսկ Ադրբեջանում կոնսեսուսի մասին խոսել ուղղակի անհնար է, այնտեղ բռնապետություն է տիրում և ոչ ես, ոչ դուք և որևէ մեկը չգիտի, թե ինչ են մտածում այդ մարդիկ: Ադրբեջանում ամեն ինչ հնարավոր է»,- ընդգծեց գերմանացի պրոֆեսորը:
Ի դեպ, Օտտո Լյուխտերհանդթը նկատեց նաև, որ Սահմանադրական բարեփոխումները, որոնց գործընթացն այսօր ընթանում է Հայաստանում, նույնպես հանդիսանում են լուրջ ներդրում Հայաստանի կայունության ամրապնդման մեջ, քանի որ նոր Սահմանադրությունը հնարավորություն է ընձեռելու դառնալ ավելի ուժեղ ոչ միայն քաղաքական ուժերին, այլև՝ քաղաքացիական հասարակությանը: