04/09/2015 13:37
«Շանթ 2015». Զորավարժությունների շրջանակներում Նախագահի գլխավորությամբ ընթանում է Կառավարության արտահերթ նիստը
«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի արժեքավոր նմուշները ևս տեղափոխվեցին հատուկ ապաստարաններ:
Տարհանման աշխատանքների մեկնարկին «Մատենադարանի» ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանն հիշեցրեց, որ սա աշխարհում այն եզակի կենտրոններից է, ուր ձեռագրերի համար ապահոված են պահպանության լավագույն միջոցները:
«Նոր մասնաշենքը նմանը չունեցող պահոցների համակարգով է օժտված: Այն եզակի է աշխարհում, և այդ մասին ասում են նաև օտարերկրյա մասնագետները»,- ասաց նա:
Նշենք, որ զորավարժությունների շրջանակներում տարհանում տեղի ունեցավ նաև Հայաստանի Ազգային պատկերասրահից:
Իսկ Էրեբունի բժշկական կենտրոնում ավելացվել է բուժազնձնակազմի ու մահճակալների թիվը: Ըստ զորավարժությունների սցենարի՝ հենց այս հիվանդանոցը հնարավոր պատերազմական իրավիճակի դեպքում վիրավորներին պիտի ցույց տա անհրաժեշտ բուժօգնությունը:
«Շանթ 2015» զորավարժությունների շրջանակներում այս պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընթանում է Կառավարության արտահերթ նիստը: