22/09/2015 16:04
Խոսնակ. ԲՀԿ որոշումը պարտադիր է և’ Հայկ Խաչատրյանի, և’ Էլինար Վարդանյանի համար
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «կողմ է» քվեարկելու նոր Սահմանադրության նախագծին: Որոշումը կայացվել է ու ըստ էության՝ պարտադիր է համանուն խմբակցության բոլոր անդամների համար: Սակայն ինչպես ավելի վաղ Aysor.am-ը գրել էր, ԲՀԿ-ական Հայկ Խաչատրյանը դեմ է: Այսօր էլ պարզվեց, որ նա շարունակում է ընդդիմանալ ու չնայած ԲՀԿ վերադասի որոշմանը՝ դեմ է քվեարկելու նախագծին:
Aysor.am-ի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը հայտնեց իր կարծիքը այս ամենի վերաբերյալ.
-Ինչպես և հայտարարել եմ այսօր առավոտյան, այժմ էլ փոխանցում եմ կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, որ ԲՀԿ-ն կողմ է Սահմանադրական բարեփոխումներին և Ազգային ժողովում խմբակցությունը քվեարկելու «կողմ» նախագծին: Այն պատգամավորները, որոնք ունեն այլ կարծիք և հանդես կգան այլ տարբերակներով, կխախտեն կուսակցության վերադաս մարմնի որոշումը: Իսկ կուսակցության ղեկավար մարմնի որոշումը խախտելու դեպքում, մանավանդ պատգամավորների կողմից, այդ հարցը կքննարկվի: Կարծում եմ՝ Հայկ Խաչատրյանի հարցն էլ կքննարկվի կուսակցության ղեկավար մարմնում:
-Ինքն անձամբ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին կամ անձամբ Ձեզ հայտնե՞լ է իր վերջնական որոշման մասին՝ քեվարկել «դեմ»:
-Խմբակցության այդ նիստին, քննարկմանը պարոն Խաչատրյանը չի մասնակցել:
-Իսկ ի՞նչ եք կարծում, պատգամավորը միտումնավոր չի մասնակցել այդ քննարկմանը:
-Ես չեմ ուզում այս պահին գնահատականներ հնչեցնել, բայց կարծում եմ, որ ԲՀԿ վերադաս մարմինն այսօր կարձագանքի խմբակցության պատգամավորի հայտնած կարծիքին:
-Պարոն Բաբայան, իսկ Դուք տեղյա՞կ եք, թե ինչպես է պատրաստվում քվեարկել խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը: Հայտնի է, որ նրա անունը ևս շրջանառվում էր ԲՀԿ-ական այն պատգամավորների թվում, որոնք դեմ են ու տիկին Վարդանյանը նույնպես չի մասնակցում խմբակցության նիստերին:
-Ես տեղյակ չեմ: Բայց մեկ բան հստակ է՝ այդ որոշումը պարտադիր է նաև Էլինար Վարդանյանի համար: