23/09/2015 18:54
ԲՀԿ-ական Հայկ Խաչատրյանը խուսափում է լրագրողների հետ շփումներից
ԲՀԿ-ական պատգամավոր Հայկ Խաչատրյանը շարունակաբար խուսափում է լրագրողների հետ շփումից, ինչի արդյունքում այդպես էլ չի հաջողվում լսել նրա կարծիքն իր ապագայի և սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Մինչդեռ Հայկ Խաչատրյանի հետ կապված հետաքրքիր զարգացումներ են սպասվում:
Aysor.am-ին հասած տեղեկություններով՝ պատգամավորի դրսևորած վարքագիծը ԲՀԿ ղեկավարության դժգոհությունն է հարուցել, քանի որ չնայած կուսակցության վերադաս մարմինը որոշում է կայացրել «կողմ» քվեարկել Սահմանադրության նախագծին, Հայկ Խաչատրյանը շարունակում է պնդել, որ ինքը դեմ է դրան ու անպայման դեմ է քվեարկելու:
ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կուսակցության որոշումները պարտադիր են բոլորի համար, այդ թվում և Հայկ Խաչատրյանի, այնպես որ, եթե նա չփոխի իր որոշումը, իր հարցը կքննարկվի կուսակցության ղեկավարության կողմից:
Մինչդեռ Հայկ Խաչատրյանը, իր հերթին, դեռ անցյալ շաբաթ մեզ խոստացել էր, որ «մի քանի օրից» կպատասխանի մեր հարցերին և պարզաբանումներ կտա իր դիրքորոշման վերաբերյալ: Պատգամավորը չգիտես ինչ զարգացումների էր սպասում «մի քանի օր» ընդմիջելը մեջբերելով, թեև հստակ ասում էր, որ իր որոշումը չի փոխվելու: Այդ դեպքում ի՞նչը պետք է փոխվեր… հարց, որ մնաց անպատասխան, քանի որ ԲՀԿ-ական պատգամավորը ուղղակի խուսափում է մեզնից և և հեռախոսազանգերը թողնում է անպատասխան:
Հարկ է հիշեցնել պատգամավորին, որ երևակայական թշնամիների հետ պայքար մղելու փոխարեն ավելի ճիշտ կլինի հստակ պարզաբանել, թե ինչու ես «դեմ» ու առավել ևս ինչին: Ի վերջո, պատգամավորի կարևորագույն գործառույթը հրատապ խնդիրների մասին դիրքորոշում ունենալն ու արտահայտելն է: Հատկապես Հայկ Խաչատրյանի նման պատգամավորի, ում գոյության մասին, փաստորեն, իմացանք միայն այն ժամանակ, երբ պարզվեց, որ ԲՀԿ ներսում այլախոհ է: