29/09/2015 13:10
Հայաստան կժամանի արտասահմանյան բժիշկների կամավոր խումբ
Հայաստանում վերապատրաստման դասընթացներ անցկացնելու, ինչպես նաև անվճար բուժծառայություններ մատուցելու նպատակով ԱՄՆ Ֆրեզնո քաղաքից Հայաստան կժամանեն կամավոր բժիշկներ:
Aysor.am-ի տեղեկություններով՝ բժիշկների խումբը Հայաստանում կլինի մոտ օրերս, ովքեր այստեղ կմնան հավանաբար մինչև հունվար: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բժիշկներն այցելելու են ՀՀ տարբեր մարզեր, որտեղի հիվանդանոցներում էլ իրենց հետ բերած ժամանակակից սարքավորումներով ու նոր տեխնոլոգիաներով վերապատրաստման աշխատանքներ կիրականացնեն և նեղ մասնագիտական գիտելիքներով ու խորհուրդներով կօգնեն հայ բուժաշխատողներին:
Մեր տեղեկություններով՝ խմբում ընդգրկված են ինչպես օտարերկրյա, այնպես էլ սփյուռքահայ բժիշկներ՝ թերապևտներ, նևրապաթոլոգներ, սրտաբաններ, օնկոլոգներ ու այլ մասնագետներ:
Մեր աղբյուրը նշում է, որ այս նախաձեռնության հեղինակը ամերիկահայ բժիշկներն են, ովքեր Հայաստանում խնդրել են անվճար խորհրդատվություն տրամադրելու և բուժզննում անցնելու նպատակով համապատասխան հիվանդներ հավաքագրել: Բուժզննումն ու խորհրդատվությունը կլինի բացարձակ անվճար: Չի բացառվում նաև, որ լինեն վիրահատություններ:
Բժիշկները խնդրել են ոչ մի հիվանդի չմերժել, իսկ գումար վերցնելու դեպքում Հայաստանը լքել:
Նշենք, որ Aysor.am-ի հետ զրույցում մասնագետների ժամանման փաստը հաստատեցին Առողջապահության նախարարությունից՝ խոստանալով այլ մանրամասներ տրամադրել ավելի ուշ: