01/10/2015 09:10
Երկուշաբթի քվեարկության կդրվի սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը
ԱԺ հանրապետական խմբակցությունը նախատեսում է եկող երկուշաբթի՝ հոկտեմբերի 5-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյայում ժամը 14.30-ին քվեարկության դնել սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է, որ քաղաքական ուժերի հետ սահմանադրական փոփոխությունների քննարկումներն ավարտվել են, խորհրդարանում այլևս քննարկում չի նախատեսվում:
Բաղդասարյանն ասել է, որ հոկտեմբերի 5-ի քառօրյայում հարցով հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը մինչև 60 րոպեի սահմաններում պատգամավորներին կներկայացնի նախագծի վերջնական տարբերակը, որից հետո այն անմիջապես կդրվի քվեարկության: «Մինչ քառօրյան քաղաքական ուժերը, բնականաբար, ծանոթացած կլինեն նախագծին»,- ասել է Բաղդասարյանը: