01/10/2015 12:32
ՀԷՑ-ի վաճառք. «Չեմ կարծում, որ գործարքը կձգձգվի»
Չեմ կարծում, որ վաճառքի գործարքը կձգձգվի: Այս մասին այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին ընդունված որոշումից հետո լրագողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը:
Նրա խոսքով՝ իրենք մտահոգություն չունեն, որ ՀԷՑ-ի գնորդը օֆշորային ընկերության է վաճառվել, և եթե այն բարեխիղճ կառավարի ՀԷՑ-ը, կատարի պետության առաջ ստանձնած պարտավորությունները, ապա ընկերության գրանցումը ոչ մի նշանակություն չունի։:
«Ընկերությունն աշխատելու է այն օրենքներով և պայմանագրերով, որոնք առկա են: Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ կա նաև երաշխավորող երրորդ կողմը՝ «Կասկադ էներգոցանցեր» ընկերությունը: Այդ ընկերությունն էլ ՀԷՑ-ի կառավարման կամ շահագործման ընթացքում աշխատելու է իր մեծ փորձով»,- ասաց Ս. Արաբաջյանը:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնին` Ս. Արաբաջյանը ասաց, որ սակագների և սուբսիդիաների հարցը հանձնաժողովի գործառույթից դուրս է, բայց հայտարարվել է, որ քաղաքացիները շարունակելու են վճարել նախորդ սակագնով, ուղղակի սուբսիդավորված:
Հիշեցնենք, որ այսօր ՀԾԿՀ նիստում միաձայն քվեարկությամբ որոշվել է «ՀԷՑ» ՓԲԸ 100% բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալ: