01/10/2015 15:52
Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ է արձակվել
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի համար կալանավորված Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Այս տեղեկատվությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ նշելով, որ դատախազությունը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը:
Նշենք, որ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը և երկամսյա կալանք սահմանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:
Ապացույցների համակցությամբ` Տ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: