07/10/2015 14:28
Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը համառությամբ չեն պատասխանել մեր հեռախոսազանգերին. Վ. Էնֆիաջյան
ԲՀԿ-ն այսօր խմբակցության նիստում որոշում է կայացրել միջազգային պատվիրակություններից հետ կանչել Ստեփան Մարգարյանին ու Էլինար Վարդանյանին: Փոփոխությունն արվել է ռոտացիոն քաղաքականության շրջանակներում: Սակայն այս որոշումը ԲՀԿ-ական պատգամավորների սրտով չէ:
Aysor.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով, մասնավորապես, Էլինար Վարդանյանի քիչ առաջ արված հայտարարությանը, թե շատ վատ է, որ ինքը տեղյակ չի եղել, որ նման հարց է քննարկվելու խմբակցության այսօրվա նիստում, նախ ասաց, որ ԲՀԿ-ն քաղաքական կոռեկտություն ու կուսակցական կարգապահություն հարգող կուսակցություն է:
«Ես, որպես ԲՀԿ խմբակցության քարտուղար, շաբաթ և կիրակի օրերին ամենայն համառությամբ ու հետևողականությամբ զանգել եմ թե տիկին Վարդանյանին, թե պարոն Մարգարյանին՝ տեղեկացնելու, որ չորեքշաբթի օրը նախատեսվող խմբակցության նիստում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվելու է նաև այս հարցը, բայց տիկին Վարդանյանն ու պարոն Մարգարյանը նույն հետևողականությամբ ու համառությամբ չեն պատասխանել մեր հեռախոսազանգերին: Կարծում եմ՝ իմ շատ հարգարժան գործընկերները կունենան այնքան ազնվություն հաստատելու, որ իմ համառ զանգերին իրենք նույն համառությամբ չեն պատասխանել: Եվ եթե իրենք հեռախոսազանգերին չեն պատասխանում, իսկ խմբակցությունը գտնում է, որ այդ հարցը պետք է քննարկվի, ապա մենք ուղղակի ստիպված ենք եղել խնդիրը քննարկել իրենց բացակայության պայմաններում: Կրկնում եմ՝ մենք արել ենք հնարավորը իրենց ներկայությունը նիստին ապահովելու համար, բայց թե Էլինար Վարդանյանը, թե Ստեփան Մարգարյանը այդպես էլ ամբողջ երկու օր իմ հեռախոսազանգերին, որպես խմբակցության քարտուղարի, չեն պատասխանել»,- հայտարարեց նա: