10/11/2015 16:36
Առաքել Մովիսիյանի վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի որոշումը պատրաստ է
ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր, տևական ընդմիջումից հետո, նիստ գումարեց, որտեղ քննարկեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) արդեն իսկ վարույթ ընդունված գործը:
Նշենք, որ այս հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով էր դիմել իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Առաքել Մովսիսյանը, հրավիրված նիստին այդպես էլ չներկայացավ:
ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, որ այս պահին թեև որոշում չի կայացվել, սակայն որոշման նախագիծը պատրաստ է:
«Մենք ունենք տեխնիկական խնդիր: Որոշման նախագիծը կուղարկվի պարոն Մովսիսյանին, որպեսզի նա, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, եռօրյա ժամկետում ներկայացնի իր առարկությունները, եթե իհարկե այդպիսիք կան: Եվ դեկտեմբերի 1-ին էթիկայի հանձնաժողովը նիստ կգումարի ու կհրապարակի որոշումը»,- ասաց նա՝ հավելելով, որ պատգամավորները մեկ այլ պատգամավորի վերաբերյալ չեն կարող ներկայացնել այնպիսի եզրակացություն, որը ԱԺ կանոնակարգ-օրենքից դուրս է:
«Էթիկայի հանձնաժողովը ո'չ դատարան է, ո'չ էլ՝ Գլխավոր դատախազություն»,- ասաց Վ. Բաբայանը:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ Առաքել Մովսիսյանը չի բարեհաճել ներկայանալ նիստին, Վահան Բաբայանը պատասխանեց. «Էթիկայի հանձնաժողովը չունի պատգամավորին բերման ենթարկելու լիազորություն»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր գլխատել կամ բռնաբարել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անձի ու ընտանիքի հասցեին որևէ բացասական արտահայտություն անել։ Նախկինում նա ևս սպառնալիքներ էր հնչեցրել, որոնք, մասնավորապես, վերաբերում էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: