24/11/2015 14:31
Հ. Նաղդալյան. Սարսանգի հարցի ներառումը մեծ օրակարգ հետևանք է այն իրավիճակի, որ կա ԵԽԽՎ-ում
Սարսանգի ջրամբարի հարցի ներառումը ԵԽԽՎ օրակարգ հետևանք է այն իրավիճակի, որ այսօր գոյություն ունի ԵԽԽՎ-ում: Երբևիցէ չենք համաձայնել այն մտքի հետ, թե սա պատվիրակության կամ պետական կառույցների պարտությունն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը.
«Սա ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների կողմից նախաձեռնած և իրենց շահերին աջակցող տարբեր երկրների կամ անհատների հակահայկական արշավի հետևանք է»,- նշեց նա:
Տիկին Նաղդալյանը չհամաձայնեց նաև այս օրերին հաճախ հնչող այն քննադատության հետ, թե ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը չի կարող պաշտպանել իր շահերը և մատնանշեց, որ գոնե վերջին տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հարձակումներ ու նման արշավների էպիզոդներ, որոնց ժամանակ, կենտրոնացնելով մեր ողջ ուժերը, հաջողել ենք: Ադրբեջանն այսօր, ունենալով ոչ բարենպաստ իրավիճակ ԵԱՀԿ Մինսկի խմբում, ոչ ադրբեջանանպաստ զարգացումներ միջազգային շատ հարթակներում, փորձում է մեկ այլ տեղ, ոչ մասնագիտական հարթակներում ռևանշի հասնել:
Բայց արդյոք հայկական պատվիրակությունը կբոյկոտի.
«Իմ անձնական կարծիքն եմ ասում` բոյկոտը լավագույն տարբերակը չէ: Բայց այդ հարցը պատվիրակությունն այսօր դեռ չի քննարկել, մենք փորձում ենք գտնել այն ռեզերվները, որոնք հնարավորություն կտան մեզ քննարկման ժամանակ որոշակի բեկում մտցնել և որևէ այլ բնույթի որոշումները կկայացվեն այն պարագայում, երբ կտեսնենք, որ այլ միջոց չունենք»: