27/11/2015 13:05
Մ. Համբարձումյան. Զինված խումբը ընտրել էր հանցագործության թիրախներ, ծրագրել՝ սպանություններ
Օրերս Նորք–Մարաշում հայտնաբերված ու վնասազերծված զինված խումբը ունեցել է կոնկրետ նպատակներ, եղել է խմբում դերաբաշխում և ունեցել է տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսավորում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը՝ տեղեկացնելով, որ նախաքննական տվյալների գաղտնիությունը պահելու նպատակով գործի վերաբերյալ բոլոր մանրամասները չի կարող հայտնել:
«Գումարները տրվել են ՀՀ տարածում, սակայն ծագման աղբյուրները պետք է պարզենք: Խմբի անդամերն իրենց գործունեությունը քողարկելու համար գաղտնի հեռախոսներ են ունեցել, սակայն, չնայած այդ ամենին, խմբի գործունեությունը ԱԱԾ աշխատակիցների անձնուրաց և ջանասիրաբար կատարած աշխատանքի արդյունքում հայտնվել է տեսադաշտում, որից հետո խումբը վերցվել է հսկողության տակ և արդեն ձեռնարկած միջոցառումների շնորհիվ այն վնասազերծվել է»,- մանրամասնեց Մ. Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ հանցավոր խումբն ունեցել է հստակ ծրագրված նպատակներ, եղել են ընտրված հանցագործության թիրախներ, ՀՀ քաղաքացիների, պետական քաղաքական գործիչների, իշխանությունների տարբեր ճյուղերի նկատմամբ.
«Նախատեսված են եղել սպանություններ»,- ասաց Մ. Համբարձումյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին արդեն ձերբակալված է քսանմեկ հոգի:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե հանցավոր խմբի վնասազերծումը բեմականացված է եղել, Մ. Համբարձումյանը նախ ասաց, որ ԱԱԾ-ն ապաքաղաքականացված, կուսակցությունների ազդեցություններից զերծ մարմին է, ապա շարունակեց, որ իր համար զարմանալի ու զավեշտալի են նման օրինակ հայտարարությունները:
«Հավատացնում եմ, որ այն, ինչ տեսաք էկրաններով և լսեցիք հաղորդագրություններով, դրանք ամբողջությամբ իրական են և համապատասխանում են իրականությանը»,-ասաց նա՝ հավաստիացնելով, որ իրենց գործողությունները կապ չունեն քաղաքական պրոցեսների հետ: