04/02/2016 11:36
Վարչապետ. Ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը
Հայաստանի տնտեսվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը և մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր:
Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ընդգծելով, որ տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ:
«Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մեծ անելիք ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ ընկերության, թե՛ Ռուսաստանի համար հստակ կդառնան մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը: