06/02/2016 13:28
Արմեն Աշոտյանը ներկայացրեց հանրապետությունում լավագույնը ճանաչված դպրոցները
Այսօր ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց, թե վերջին դիտարկումների արդյունքում ո՞ր հանրակրթական հաստատություններն են ճանաչվել լավագույնը հանրապետությունում:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը մեկնարկել է 2013թ.-ին ու, նախարարի խոսքով, դրա գլխավոր խնդիրը մրցակցությունը չէ:
«Այստեղ չկա չեմպիոններին հայտնաբերելու հարց: Իրականում ցանկանում ենք այսպիսով հայտնաբերել, վեր հանել եղած խնդիրը»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ լավագույների առաջին եռյակում են հայտնվել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հիմնական դպրոցը, Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցը և Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցը:
«Արդյունքները կարևոր են դպրոցների տնօրենների և մանկավարժների համար, որպեսզի կարողանան հասկանալ, թե որտեղ է դպրոցի խնդիրը, որտեղ՝ առավելությունը»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ նախարարության համար ևս գործընթացը կարևոր է, քանի որ հնարավորություն է լինում խրախուսել լավագույներին:
«Բացի այդ վարկանիշավորումը թույլ է տալիս գտնելու, թիրախավորելու մեր աջակցության կարիքն ունեցող դպրոցները»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նախարարը նշեց՝ արդյունքներից կլինեն դժգոհողներ.
«Բայց վարկանիշից դժգոհելուց բացի ես կխնդրեմ իրենց դժգոհել հենց իրենց աշխատանքից, հասկանալ, թե որ ցուցանիշով են հետ ընկել»: