08/02/2016 12:15
ՊետԴուման առաջարկում է չեղարկել Թուրքիայի հետ 1921թ-ին ստորագրված համաձայնագիրը
Պետական Դումայի պատգամավորները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայի հետ 1921 թվականի մարտի 21-ին ստորագրված Մոսկովյան համաձայնագիրը չեղյալ հայտարարելու առաջարկով: Նման առաջարկով հանդես են եկել կոմունիստները՝ հիշեցնելով, որ համաձայնագիրն ի սկզբանե դժգոհություն է առաջացրել կովկասյան երկու պետությունների՝ Հայաստանի և Վրաստանի կողմից:
«Իզվեստիայի» հաղորդմամբ՝ իրենց նամակում պատգամավորները մատնանշում են Թուրքիայի՝ Մոսկվայի նկատմամբ շարունակվող ագրեսիային.
«Կարծում ենք, շարունակվող այս ագրեսիայի ֆոնին մեզ հարկավոր է իրավաբանորեն վերանայել մեր երկրի ու իր դաշնակիցների համար անընդունելի ռուս-թուրքական համաձայնագրերը: Անկարան պետք է հասկանա, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իր համար շարունակական էսկալացիան: Եվ միայն դա կարող է նրան սթափեցնել»,- հայտարարել է առաջարկի համահեղինակ պատգամավոր Օբուխովը:
Նշվում է, որ նախաձեռնությանը սատարում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում, որտեղ գտնում են, որ Մոսկովյան համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի շահերի ոտնահարմամբ.
«Թուրքերը շատ բարդ պայմաններ են առաջ քաշել փաստաթղթում, այդ թվում նաև դրույթ Լեռնային Ղարաբաղի մասին: Թուրքերին հարկավոր է դաստիարակել, քանի որ ոչինչ հավերժ չէ այս կյանքում: Եվ եթե նրանք այսօր դավաճանի դիրքերից են հանդես գալիս, ապա բարեկամության մասին համաձայնագրի չեղյալ հայտարարելը նորմալ է: Եվ այս հարցում մեզ կսատարի Հայաստանը: Հասկանալի չէ՝ այդ չեղարկումը իրավաբանական ուժ կունենա, թե ոչ, բայց մեր տարածքային պահանջներն այն մասով, որ մենք համաձայն չենք՝ ճիշտ է»,- ընդգծել է պատգամավորը: