09/02/2016 17:17
Յան Զահրադիլ. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին:
Ինչպես տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը, Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, և մեր երկիրը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու հարցում: Կարևորելով խորհրդարանների դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում՝ պարոն Սահակյանը նշել է, որ խորհրդարանական ձևաչափն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս ազատ ու անկաշկանդ քննարկումներ ծավալելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Անդրադառնալով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է բազմակողմ համագործակցության ձևաչափը, որը հնարավորություն է ընձեռում քննարկել տարածաշրջանին վերաբերող հարցեր: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ասել է, որ Հայաստանը պետք է օգտագործի այս համագործակցության հնարավորությունը, այլ ոչ թե խուսափի դրանից, ինչն անում է Ադրբեջանի պատվիրակությունը: «Զարմանալի չէ նաև Ադրբեջանի կողմից կայացրած որոշումը` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում անդամակցության դադարեցման վերաբերյալ»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է: Նա ևս մեկ անգամ փաստել է, որ հակամարտության լուծումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ինչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է:
Իր հերթին Եվրոպական խորհրդարանի անդամ Յան Զահրադիլը նշել է, որ Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքն իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ակտիվացմանն ու ամրապնդմանը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը նա նաև նշել է, որ կողմ է հարցի երկխոսության ճանապարհով խաղաղ կարգավորմանը՝ իրավասու կառույցների լիազորությունների շրջանակում: