22/03/2016 15:58
Պերենջիև. Կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր սպասել Լավրովի՝ Բաքու կատարվելիք այցից պետք չէ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր սպասել Լավրովի Բաքու կատարվելիք այցից պետք չէ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը.
«Անշուշտ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը այցի շրջանակում կքննարկվի, բայց լուրջ տեղաշարժեր սպասել պետք չէ: Կարծում եմ՝ Ռուսաստանի դիրքորոշումը Մոսկվայի և Բաքվի միջև ժամանակակից հարաբերությունների կառուցման հարցում կհանգի հետևյալ բանաձևին՝ «նախ՝ տնտեսական խնդիրների լուծում, զուգահեռ նաև քաղաքական ընթացիկ խնդիրների դիտարկում, բայց Ղարաբաղի հարցը պետք է լուծվի տնտեսական բարենպաստ հիմքի վրա»»,- նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Լավրովի այցի շրջանակում հիմնական քննարկումները լինելու են երկկողմ հարաբերությունների կոնտեքստում:
Ա. Պերենջիևը նկատեց, որ առկա աշխարհաքաղաքական պայմաններում Բաքուն գուցե նաև միջնորդի դեր կարողանա ստանձնել ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման գործում, բայց արդյոք Բաքուն պատրա՞ստ է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը՝ ահա, թերևս, գլխավոր հարցը, որ կլինի Լավրովի այցի առանցքում:
«Ես վստահ եմ, որ հայ-թուրքական սահմանին որևէ սրացում առաջիկայում տեղի չի ունենա, քանի որ Էրդողանի համար այսօր առաջնային են Եվրամիությանը շանտաժի ենթարկելը, Քաթարի գազային նախագծում մասնակցությունը, քրդերի հետ հակամարտությունը: Սա ինձ հուշում է ողջամիտ տրամաբանությունը, թեև սադրանքները բացառելը ևս սխալ է՝ բոլորս քանիցս համոզվել ենք, որ Թուրքիայի իշխանությունը թե ՛տրամաբանության, թե՛ ողջամտության հետ լուրջ խնդիրներ ունի»,- հավելեց ռուս քաղաքագետը :
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի սկզբին կայցելի Բաքու: