21/04/2016 14:52
Նախարար. Օրերս բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը
Օրերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով՝ բազմաթիվ բուժական միջոցառումներ իրականացնելուց հետո, ցավոք, չի հաջողվել փրկել նրա կյանքը:
«Գնդակը խոցել էր զինվորի գլխուղեղը: Նա մահացել է ուղեղի զարգացող այտուցից»,-ասաց նախարարը:
Արմեն Մուրադյանն ասաց նաև, որ Այրվածքաբանության կենտրոնում այս պահին երկու կամավոր կա, նրանց այրվածքի մակերեսը բավական մեծ է, սակայն հաջողվել է փրկել նրանց կյանքը:
«Կարծում եմ՝ նրանց վերականգնողական բուժում է սպասվում, բայց նրանց կյանքին արդեն որևէ բան չի սպառնում»,-եզրափակեց խոսքը նախարարը: