25/04/2016 17:03
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Արլեմ Դեզիրին
Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Պետքարտուղար Դեզիրը նախարար Նալբանդյանին տեղեկացրել է, որ նախօրեին Փարիզում տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելուց հետո ուղևորվել է օդանավակայան՝ Երևան մեկնելու և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեծ Եղենի զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելու նպատակով:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության հարցում, և այն, որ Ֆրանսիայում դեռ 2001թ. օրենքի ուժով ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը։ Նա ավելացրել է, որ Հայաստանում շնորհակալությամբ են հիշում նախագահ Օլանդի մասնակցությունը Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։
Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները և այդ համատեքստում կարևորել միջազգային հանրության ջանքերը՝ դրանք հաղթահարելու, նման զարգացումները հետագայում բացառելու և համապատասխան պայմաններ ստեղծելու՝ բանակցությունների, հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման ուղղությամբ։
Երկուստեք շեշտվել է, որ հիմնահարցի կարգավորումը չունի ռազմական լուծում։ Զրուցակիցները համակարծիք էին, որ առաջնահերթություն է դարձել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։
Արլեմ Դեզիրը վստահեցրել է, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
Էդվարդ Նալբանդյանը և Արլեմ Դեզիրը քննարկել են նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցեր: