26/04/2016 17:09
Սաֆրաստյան. Ադրբեջանը որոշել է նոր տակտիկա ընտրել Լեռնային Ղարաբաղի հարցում
Այն, ինչ հիմա անում է Ադրբեջանը, բխում է աշխարհում, տարածաշրջանում զարգացող աշխարհաքաղաքական իրադրությունից: Այսօր հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:
Նման ախորժակ, նրա խոսքով, ունի նաև մեր հարևան Ադրբեջանը: Անդրադառնալով քառօրյա պատերազմական գործողություններին՝ փորձագետը նկատեց, որ այսօր էլ այդ ագրեսիան չի դադարում: «Մերձավոր Արևելքում բռնությունը դարձել է քաղաքական նպատակներին հասնելու ամենատարածված միջոցը»,-հավելեց նա:
Թուրքագետը նախ նկատեց, որ այսօր աշխարհում բռնությունը գնալով ավելի մեծ տեղ է զբաղեցնում, հետևաբար բռնություններն աճում են հիմնականում խնդիրները լուծելու համար, ուստի նման վարքագիծ է որդեգրել նաև Ադրբեջանը:
Բերելով Սիրիայի օրինակը՝ Ռ. Սաֆրաստյանը նկատեց, որ վերջին տարիների գործողությունների արդյունքում Թուրքիան չնայած բավական ծանր կորուստներ է ունեցել, սակայն լայն առումով կարողացել է տանալ այն, ինչ ուզում է: «Օրինակ՝ ԵՄ-ի հետ գործարքը, ինչը քննադատվում է հենց առաջին հերթին ԵՄ երկրներ շատ քաղաքական շրջանակների կողմից»,- ասաց նա:
Թուրքագետի խոսքով՝ որքան էլ քննադատվեց Թուրքիայի ներգրավումը Սիրիայի գործընթացում, միևնույն է Թուրքիան շարունակում է այդ քաղաքականությունը:
Ռ. Սաֆրաստյանի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը ևս մեծ գայթակղության առաջ է կանգնած և տեսնելով իր դաշնակիցն ինչեր է անում՝ Ադրբեջանն էլ իր հերթին է ակտիվացել.
«Ադրբեջանի ագրեսիան վերջին օրերին էլ չի դադարում: Նա որոշեց նոր տակտիկա ընտրել Լեռնային Ղարաբաղի հարցում: Այն, ինչ տեղի ունեցավ սահմանին, պատահական չէր, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը որոշել էր ընտրել նոր մարտավարությունը»: