02/05/2016 18:18
Նալբանդյան. Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը կարգի հրավիրի Ադրբեջանին
Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այն բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին Ստալինի կողմից: Այս մասին այսօր Հելսինկիի համալսարանում իր ելույթում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ տասնամյակների ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրել է էթնիկ զտումների քաղաքականություն` սպառնալով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը:
«Չնայած 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար: Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով»,- ասել է ՀՀ արտգործնախարարն՝ ավելացնելով.
«Ներկա պայմաններում ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ թե ԼՂ ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ապացուցել են իրենց հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Դժբախտաբար, Ադրբեջանը մշտապես ընդդիմանում է դրան: Տարածաշրջանում նոր պատերազմից խուսափելու համար միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն պարտադրելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը»: