03/05/2016 19:19
Երևանն առանց Ստեփանակերտի չի կարող Արցախի հարց լուծել. Շիրինյան
ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Զարուհի Փոստանջյանը Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծ ներկայացնելուց առաջ պետք է նաև հարցում ուղարկեին ԼՂՀ ԱԺ, որպեսզի լսեին նաև Արցախի տեսակետը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նրա խոսքով՝ այդ նախագիծն ինչ որ խորհրդավորություն ունի իր մեջ:
«Ինձ համար տարօրինակ է հենց կառավարություն ուղարկելը: Ինչո՞ւ ՀՀ արտգործնախարարությունը ԱԺ չի ներկայացնում այդ նախագիծը: Իսկ Արցախին հարցրե՞լ են, որ նման նախագիծ են ներկայացրել», - ասաց նա՝ շեշտելով, որ այդ հարցի միակ ճիշտ պատասխանը կարող է տալ բացառապես պաշտոնական Արցախը, որի հետ և պետք էր քննարկել այդ հարցը:
Քաղաքագետն ընդգծեց նաև, որ Հայաստանը «սովոր է Արցախի փոխարեն ինչ-որ քայլեր մշակել»:
«Արցախը պետք է այս հարցը քննի ու եթե նպատակահարմար կգտնի ճանաչելը, կասի՝ այո կամ ոչ: Արցախը՝ ինքը պետք է հասկանա, դա բխո՞ւմ է իր շահերից, թե՞ հակասում, որից հետո կարող են այստեղ նման նախագիծ ներկայացնել, այն էլ՝ կառավարություն: Արցախի հարցը պետք է Արցախը լուծի: Սա ամենաճիշտն է»,- հավելեց նա:
Լ. Շիրինյանը նկատեց նաև՝ ԱԺ-ը կարող էր այդ հարցը հանգիստ քննարկել ու ճանաչել, և ամենևին էլ պարտադիր չէր դրա համար նախագիծ ներկայացնել կառավարություն:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին կայանալիք Հայաստանի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է «Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծ, որն ունի ընդամենը երկու հոդված:
Առաջինով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը, իսկ երկրորդով՝ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
Ըստ հիմնավորման՝ օրենքի նախագծի ընդունմամբ՝ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին: