04/05/2016 15:06
Ռազմական գործողությունների հետևանքներն ու կանխատեսվող զարգացումներն են քննարկել Բակո Սահակյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպման ընթացքում քննարկել են ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված բոլոր հետևանքներին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Արցախում հանդիպել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը: ՀԱԿ ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել նաև Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաև բանակի հրամկազմի ներկայացուցիչների հետ:
«Օրակարգի գլխավոր թեման եղել է ապրիլյան իրադարձությունների ամփոփումն ու դրանից բխող բոլոր հետևանքները: Մասնավորապես, անդրադարձել են Ադրբեջանի սադրիչ գործողություններին, այս օրերի և կանխատեսվող զարգացումներին»,- հայտարարեց Դ.Բաբայանը:
Նրա խոսքով, Արցախում գնալով ավելի է արմատանում հասարակական ու քաղաքական գործիչների հետ տարբեր հանդիպումների ձևավորված ավանդույթը, ինչն իր դրական ու օգտակար արդյունք է տալիս:
«Մեզ մոտ դա դառնում է դրական ավանդույթ: Այստեղ են ժամանում հասարակական ու քաղաքական գործիչներ ոչ միայն Հայաստանից, այլև Սփյուռքից: Սա շատ լավ ձևավորված մշակույթ է և մենք այդ ավանդույթը շարունակելու ենք պահպանել: Այն օգտակար է բոլոր կողմերի համար»,- ասաց Դ.Բաբայանը: