Միջազգային խորհրդատվական թիմը ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկել է բանակաշինության հիմնական մոտեցումները
06/05/2016 17:49

Միջազգային խորհրդատվական թիմը ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկել է բանակաշինության հիմնական մոտեցումները

Մայիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Երևանում էր Հայաստանի Հանրապետությունում բանակաշինությանը և պաշտպանական վերափոխումներին սատարող միջազգային խորհրդատվական թիմը:
 
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, եռօրյա հանդիպումների ընթացքում խորհրդատվական թիմը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խմբի հետ քննարկել է բանակաշինության հիմնական մոտեցումները, կառավարման, պլանավորման, մարտարվեստի, ինչպես նաև զինուժի արհեստավարժության ոլորտներում իրականացվելիք վերափոխումներին առնչվող հարցեր:
 
Միջազգային խորհրդատվական խմբի անդամներին մայիսի 6-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը կարևորել է ռազմունակության ամրապնդմանն ուղղված վերափոխումներին խորհրդատվական խմբի շարունակական աջակցության անհրաժեշտությունը: 
 
Հայաստանում գտնվելու ընթացքում խորհրդատվական թիմը հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում: Քննարկվել են պաշտպանության ոլորտի օրենսդրությունը սահմանադրական բարեփումների և զինված ուժերի զարգացման մտահղացման հետ համահունչ դարձնելու խնդիրները:
 
Խորհրդատվական թիմը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ: «Ռազմական որոշումների կայացման գործընթաց» խորագրով դասախոսության ժամանակ ունկնդիրներին ներկայացվել են մարտական գործողությունների ժամանակ առաջադրանքի պարզաբանման, օպերացիայի տարբերակների ընտրության և մտահղացման մշակման ժամանակակից մեթոդներ:
Միջազգային խորհրդատվական թիմը ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկել է բանակաշինության հիմնական մոտեցումները