19/05/2016 18:01
«Analitik.am»-ի ապօրինի գործունեությունից տուժած անձինք կարող են դիմել ՀՔԾ
Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հորդորում է քաղաքացիներին, ովքեր տուժել են «Analitik.am» լրատվական կայքի աշխատակիցների կամ նրանց անունից հանդես եկող անձանց ապօրինի գործունեությունից, դիմեն ՀՀ ՀՔԾ:
Դիմել կարելի է Վաղարշյան 13ա հասցեով կամ զանգահարել (011) 900-035 և (011) 900-052) հեռախոսահամարներով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Analitik.am» լրատվական կայքի աշխատակիցները կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ են ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել են յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. դրամ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում «Analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: