20/05/2016 10:35
Բեդո Դեմիրճյան. Գերմանիայում Ցեղասպանության ընդունման վերաբերյալ քաղաքական միտքը հասունացել է
Գերմանիան Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը խորհրդարանի մակարդակով ընդունելուց հետո քայլ կանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Բեդո Դեմիրճյանը՝ անդրադառնալով հունիսի 2-ին գերմանական Բունդեսթագում Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը:
«Բանաձևը մոտ մեկ և ավելի տարի Բունդեսթագում է և այս ընթացքում շատ բաներ են փոխվել, հատկապես Թուրքիայի հետ կապված փախստականների հարցը, Եվրամիության հարցը և ընդհանրապես շատ բաներ են փոխվել: Գերմանիայում Ցեղասպանության ընդունման վերաբերյալ քաղաքական միտքն ավելի հասունացել է և այսօր գերմանացի պատգամավորների մեծ մասի մոտ ընդհանուր համախոհություն կա բանաձևի ընդունման շուրջ», - ասաց Բեդո Դեմիրճյանը:
Նրա կարծիքով, Ցեղասպանության բանաձևի ընդունմամբ Գերմանիան կոչ կանի Թուրքիային՝ առերեսվելու և հաշտվելու իր անցյալի հետ:
«Գերմանիան Թուրքիայի համար ճանպարհ կհարթի, որ թուրք ժողովուրդը կարողանա անկեղծ ձևով մոտենա իր պատմությանը», - ասաց Բեդո Դեմիրճյանը:
Այդուհանդերձ, նրա կարծիքով՝ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ բանաձևի դրական ընթացքը խաթարելու համար:
«Գերմանիայում Թուրքիայի դեսպանը, նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանն է ասել, որ փորձելու և ջանալու են ամեն ինչ անել, որ բանաձևը չընդունվի, բայց, միևնույն է, գերմանացի պաշտոնյաների մոտ համախոհությունը մինչ օրս կա», - ասաց նա:
Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակը ընդգծեց, որ բանաձևի նախաձեռնողի ազգությունը վեր է ամեն տեսակի հայտարարություններից:
Նշենք, որ բանաձևի նախագիծը Բունդեսթագ է ներկայացվել մոտ մեկ տարի առաջ Կանաչների կուսակցության նախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրի նախաձեռնությամբ:
Ըստ Դեմիրճյանի, Գերմանիան իր օրինակով պետք է կարողանա շատ ճիշտ ձևով կամուրջ հանդիսանալ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում առաջընթացի համար:
«Շատ է խոսվում Ցեղասպանության հարցում Գերմանիայի պատասխանատվության մասին, ուստի այդ առումով բանաձևի ընդունումը կարևոր դեր է ունենալու այլ երկրների խորհրդարաններում նման բանաձևերի ընդունման համար», - ասաց Բեդո Դեմիրճյանը: