24/05/2016 14:43
Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսը չի կայացել. Դավիթ Հարությունյան
Ընտրական օրենսգրքի շուրջ կոալիցիա ձևավորելու թվի վերանայման հարցով իշխանության դիրքորոշումը չի փոխվել:
«Մենք համարում ենք, որ այդ թիվը չպետք է վերանայվի, քանի որ այդ ուժերը պետք է ստանան հանրության վստահության քվեն», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան կատարած այցի վերաբեյալ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում Հայաստանի իշխանություններին կոնսենսուսի համար քննարկումները շարունակել և վերանայել որոշ առաջարկներ:
Դ.Հարությունյանն ընդգծեց, որ եթե կլինեն երեքից ավելի ուժեր, որոնք պատրաստ են միավորվելու և խորհրդարանում կոալիցիա կազմելու հնարավորություն և ցանկություն ունեն, ապա ճիշտ կլինի, որ այդ ուժերը նախ ստանան հանրության վստահության քվեն:
«Եթե այդ ուժերը առանց իրենց մասնակցության ունեն 50+1 քվե, ապա որևէ մեկը չի կարող նրանց խոչընդոտել կազմել մեծամասնություն: Նրանք կարող են հանգիստ գնալ երկրորդ փուլ, միավորվել ոչ թե երեք, այլ հինգ, նույնիսկ յոթ ուժերով, սակայն հանրությունից հայցել նաև վստահության քվեն, և եթե ստանան այն, ապա նրանք իշխանության մաս կկազմեն», - ասաց նա:
Ինչ վերաբերում է կոնսենսուսին, ապա պաշտոնյան նկատեց, որ այն չի կայացել, բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե բոլոր ճանապարհները փակ են:
«Ես կարծում եմ, որ դեռ մեր քննարկումները կշարունակվեն, դա կլինի 4+4+4, թե այլ ձևաչափով, էական չէ: Կարծում եմ, որ ընդդիմադիր մեր գործընկերների հետ դեռ քննարկումներ կլինեն», - ասաց նա: