25/05/2016 17:42
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացրել են հենց թուրքերը
Հունիսի 2-ին Գերմանյաի Բունդեսթագում նախատեսված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկումը: Դրանում արծարծվում է նաև Գերմանիայի պատասխանատվության հարցը: Այս նախաձեռնության, ինչպես նաև դրա հետևանքների վերաբերյալ Aysor.am-ի թղակիցը զրուցել է Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկու հետ:
- Բունդեսթագի կողմից այս նախաձեռնությունը կարո՞ղ է լինել Թուրքիայի հետ փախստականների հարցով բանակցությունների կամ ԵՄ-ի հետ Թուրքիայի անցագրային ռեժիմի վերացման համատեքստում:
- Այդ բանակցությունները, Թուրքիայի կողմից իր պարտավորությունները չկատարելը, միայն խթանել են այս՝ արդեն վաղուց առկա խնդիրը: Հայերի ցեղասպանությունն, ինչպես գիտեք, ճանաչել են ավելի քան 20 երկրներ և սա արդար է: Եվրոպական արժեքները ստիպում են ճանաչել ակնհայտ փաստերն ու քննադատել գազանությունները՝ պահանջելով, որ այս ամեննընդունի նաև Թուրքիան:
- Ինչպիսի՞ն կլինեն հնարավոր ճանաչման հետևանքները:
-Իհարկե, Թուրքիան մեծագույն հիստերիա կանի, ինչպես միշտ, ինչպես դա եղել էր ֆրանսիացիների դեպքում: Պատճառն այն է, որ այս՝ վաղուց դրված հարցի մասին նորից հիշեցրել են հենց թուրքերը՝ իրենց պահվածքով:
- Ըստ Ձեզ, մե՞ծ է հավանականությունը, որ Բունդեսթագը կգնա նման քայլի, թե, այնուամենայնիվ, հնարավոր են անակնկալներ:
- Ըստ ամենայնի, գերմանացիները կընդունեն նման որոշում: Իրավիճակը, արդարության զգացումը, վաղուց հասունացել են: Գերմանացիները կարողացել են քննադատել սեփական անցյալը՝ ո՞վ, եթե ոչ նրանք կարող են հարցն այսպես դնել:
- Ըստ Ձեզ, Հայերի ցեղասպանության ճանաչումը Բունդեսթագի կողմից կանդրադառնա՞ գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով փաստը, որ Գերմանիան հիմա նախագահում է ԵԱՀԿ-ում, որի շրջանակներում էլ ընթանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
-Իհարկե, կարող է անդրադառնալ: Բայց ադրբեջանցիներին այս հարցն ուղղակիորեն չի առնչվում: Կարող են լինել միայն քննարկումներ, բողոքներ, համերաշխության ուղերձներ և այլն: