28/05/2016 17:47
Տարոն Մարգարյան. Քաղաքապետարանում հաստիքների կրճատում չի լինի, իսկ 2017-ին շռայլություններ չեն լինի
Քաղաքապետարանում հաստիքների կրճատում չի լինելու, քանի որ եղած հաստիքները հազիվ բավարարում են բոլոր ծառայությունները մատուցելուն, որոնք երևանցիներն են պահանջում, Գարեգին Նժդեհի արձանի բացման արարողությունից հետ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Օր օրի երևանցիները ավելին են պահանջում, որը ես համարում եմ շատ նորմալ, քանի որ զարգացող մայրաքաղաք է: Այսօրվա խնդիրներն այլ են, քան 3-4 տարի առաջվա խնդիրները: Մենք հազիվ ենք կարողանում մեր եղած աշխատակազմով ապահովել այդ աշխատանքը` անգամ ոչ աշխատանքային օրերին աշխատելով», - ասաց քաղաքապետը:
Ինչ վերաբերում է ծախսերի խնայողություններին` քաղաքապետը նշեց, որ ամեն տարի ուշադրություն են դարձրել ծախսերի խնայողությանը, այս տարի էլ պետք է շատ խիստ լինեն, որ շռայլություններ չլինեն:
Որպես ասվածի ապացույց` Տարոն Մարգարյանն օրինակ բերեց վերջին ժամանակներում մշակութային միջոցառումների գումարների կրճատումը և ընդգծեց, որ դրանք ուղղվում են զոհված զինվորների ընտանիքններին:
«Ուզում եմ վստահեցնել, որ 2017 թ-ին հաստատ շռայլություններ չեն լինելու», - ասաց նա: